AM
20 November 2024 - 12:26 AMT

Աղազարյան. Մանդատս վայր կդնեմ, եթե Քյարամյանն անուններ տա

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր օրակարգում պատգամավորական մանդատը դնելու հարցը չկա։ Նա հավելել է, որ մանդատը կդնի, եթե ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն անուններ տա։

«Երբ նման պահանջ դրվի իմ առջև, այդ ժամանակ կմտածեմ: Եթե պարոն Քյարամյանը հրապարակավ անուններ տա և հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով՝ իմ որդու մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում, ապա ես կդնեմ մանդատս: Ես դա հայտարարել եմ: Իսկ եթե չհայտարարի, ուրեմն մանդատս վայր դնելու պատճառ չկա»,–ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա հաստատել է, որ նոյեմբերի 19–ին մասնակցել է ՔՊ վարչության նիստին։

«Մասնակցել եմ, վարչությունն ինձ հրավիրել էր լսումների հետ կապված պարզաբանումներ տալու: Ես մասնակցել եմ նիստի այդ հատվածին, իմ գործընկերները ինձ միջադեպի հետ կապված բազմաթիվ հարցեր են տվել՝ պարզաբանելու այս կամ այն դրվագը», – նշել է պատգամավորը։

Նա ավելացրել է, որ դրանից հետո դուրս է եկել վարչությունից, քանի որ վարչության անդամ չէ և չգիտի, թե ինչ որոշում են կայացրել:

«Ոչ մի դժգոհություն չունեին, բոլորն էլ շատ սիրալիր ճշտում էին, թե, օրինակի համար, ինչպես եղավ, որ պարոն Քյարամյանին դիմեցի «արա» բառով, ինչով էր պայմանավորված Քյարամյանի ասածը, որ ես իմ որդու շահերն եմ պաշտպանում: Նմանատիպ հարցեր։ ՔՊ վարչությունում իմ ընկերներն են, ովքեր ինձ սիրում են իմ խառնվածքի համար, երբեմն՝ նաև անհարկի համարձակության»,- ասել է նա:

Կառավարության վերջին նիստում վարչապետը մեծ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ հայտարարելով, որ «իր համբերության բաժակը լցվել է»։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։ Lուրեր էին շրջանառվում նաև ԱԺ ՔՊ–ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի հրաժարականների մասին, որոնցից Զեյնալյանը վայր դրեց մանդատը։