AM
20 November 2024 - 14:24 AMT

Տարեվերջին նախատեսված է մի շարք դպրոցների ու մանկապարտեզների շինարարության ավարտը

Ընթացիկ տարվա վերջին կավարտվի Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացվող տասնյակից ավելի օբյեկտների շինարարությունը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

«Դրանց մեծ մասը մանկապարտեզներ, դպրոցներ ու մարզադահլիճներ են»,- ասել է Վարդանյանը, հայտնում է Արմենպրեսը։

Անդրադառնալով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման հարցին՝ նա ասել է, որ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը ներկայում համալիր փորձաքննություն է անցնում Քաղաքաշինության կոմիտեում, գրում է Արմենպրեսը։

«Համալիր փորձաքննության փուլն անցնելուց հետո, եթե ամեն ինչ նորմերին համապատասխան փաստագրվի, իսկ նախագծող կազմակերպություններն ուսումնասիրել են նաև տեղական նորմերը և վստահ եմ, որ մենք այստեղ խնդիր չենք ունենա, ապա հնարավորություն կընձեռվի, որ շինարարական մրցույթը մեկնարկի։ Հաշվի առնելով ծրագրի կարևորությունն ու հրատապությունը, ես խնդիր եմ դրել մեր ստորաբաժանումների առաջ, որպեսզի օր առաջ ուսումնասիրեն և ավարտեն համալիր փորձաքննության փուլը»,-մանրամասնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։