AM
21 November 2024 - 08:37 AMT

ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հարցով դիմել է ՍԴ

ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան փաստաբանական գործունեության հարկման հարցով։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, հայտնում է Փաստաբանների պալատը։

«Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է նաև, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում ներառվել են նաև Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 73-րդ և 78-րդ հոդվածներին խնդրահարույց օրենքի անհամապատասխանության վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված դիրքորոշումները»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշված հարցով դեռևս հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին: