Նոյեմբերի 16-ին հայկական կառուցապատող «Տեխնոտուն» ընկերությունը, ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի, մասնակցել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած Նորքի այգիների վերականգնման լայնամասշտաբ ծառատունկին։
Նախագծի համաձայն, 7 հա տարածքի վրա մոտ 2500 ծառ է տնկվել։
«Տեխնոտունը» իր ամբողջ մարդկային ռեսուրսն ու աշխատանքային ներուժը ներդրել է նախագծի իրականացման համար։ Շինարարական տեխնիկայով և այլ ռեսուրսներով իրականացվել են մաքրության, հողային դժվար ռելիեֆային, դարավանդների կառուցման և ոռոգման համակարգի մասնակի փոխարինման աշխատանքներ։
Անդրադառնալով նախագծին՝ «Տեխնոտուն» ընկերության տնօրեն Տիգրան Մնացականյանն ընդգծել է. «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մշտապես Տեխնոտուն ընկերության ուշադրության կենտրոնում է։ Յուրաքանչյուրս, անկախ մեր մասնագիտությունից ու զբաղմունքից, առաջին հերթին Երևանի բնակիչներ ենք։ Մեզ համար անչափ կարևոր է Երևանի զարգացումն ու բարեկարգումը՝ էկոգիտակից կորպորատիվ շուկա և հասարակություն կերտելու համատեքստում։ Հատկանշական է նաև Տեխնոտուն ընկերության և ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի հուշագրի ստորագրումը, համաձայն որի՝ Նորքի Այգիներ 180 հասցեում կառուցվում է Pullman Residences Yerevan բնակելի համալիրը։ Pullman-ի բազմամյա գործունեությունը նույնպես փաստում է շրջակա միջավայրը առաջնահերթ համարելը։ Մեր մեծ երազանքն է, որպեսզի մենք, մեր երեխաներն ու ապագա սերունդներն ապրեն մաքուր, ծառաշատ քաղաքում»:
«Տեխնոտուն»-ը Հայաստանում կառուցում է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող համալիր՝ Pullman Residences Yerevan-ը, որի հողի ընդհանուր տարածքը 20,000 քմ է։ Տարածքի 16,000 քմ–ն հասարակական ենթակառուցվածքներ, կանաչապատ ու բաց տարածքներ են լինելու։ Համալիրը հավատարիմ է մնալու No car քաղաքականությանը՝ խրախուսելով էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ, որոնք կնպաստեն ակտիվ ապրելակերպին՝ նվազեցնելով ածխաթթու գազի արտանետումները, ինչպես նաև լինելու են հատուկ հեծանվուղի և վազքուղի։ Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանները և մեծաքանակ կայանատեղիները ապահովելու են հարմարավետ շարժ բնակիչների և հյուրերի համար։ Այս ամենը երաշխավորված ստանդարտներ են, որոնք ի սկզբանե որդեգրել էր մեր ընկերությունը, ինչը իր հերթին համընկավ Accor խմբի, ինչպես նաև Pullman բրենդի մոտեցման հետ։
Ֆրանսիական Accor-ի Pullman բրենդն առաջին անգամ է ներկայացվելու Հայաստանում՝ հայկական «Տեխնոտուն» ընկերության հետ համագործակցության շնորհիվ։