2025-ից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կտրամադրվի առանձին խմբերի։ Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը և փոփոխություններ ու լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ:
Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 2025 թ. ընթացքում տրամադրել սոցիալական աջակցություն՝ աստիճանաբար նվազեցնելով ընդհանրական բնույթի աջակցությունը և բարձրացնելով աջակցության հասցեականությունը՝ դրանք ուղղելով առանձին թիրախ խմբերին։
Այսպիսով՝ 2025 թ. հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ: Այս ամիսների ընթացքում աջակցության շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ եղել է 2024 թ. ընթացքում։
2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ առաջարկվում է սոցիալական աջակցության չափը սահմանել 40,000 դրամ, միաժամանակ աջակցությունը հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերի հետևյալ անձանց՝ մինչև 18 տարեկան երեխաներին կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձանց (մոտ 33 հազ. շահառու), 63 և ավելի տարեկան անձանց (մոտ 18 հազ. շահառու), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց (մոտ 2.6 հազ. շահառուներ):
2025 թ. հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը շարունակել նույն խմբերի (ինչպես ապրիլ-հունիս ամիսներին) համար՝ 30,000 դրամի չափով: Այդ նպատակի համար ՀՀ պետբյուջեի 2025 թ. ծախսերը կկազմեն մոտ 30․5 մլրդ դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ փոփոխությունները պայմանավորված են մի քանի պատճառով։
«Նախ, 2024 թ. հունիսից գործում է բնակարանային աջակցության ծրագիրը, որը շահառուների մեծ մասին արդեն հիմա հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ գնել կամ կառուցել սեփական բնակարան, իսկ մյուս մասը կարող են շահառու դառնալ հաջորդ տարվա սկզբին։ Հաջորդ կարևոր պատճառն այն է, որ անցյալ մեկ տարվա ընթացքում աշխատանք են գտել կամ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում ավելի քան 25 հազար բռնի տեղահանվածներ, որոնք 18-ից մինչև 63 տարեկան անձանց զգալի մասն են կազմում։ Համապատասխանաբար, Կառավարությունը գտնում է, որ աջակցության համար նախատեսված ֆինանսական միջոցներն աստիճանաբար պետք է վերահասցեագրվեն բնակարանային աջակցության ծրագրին»,-ասել է նախարարը։
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բավական մեծ աջակցություն է տրամադրվել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին և այժմ պետք է քաջալերել, որ մարդիկ արդեն մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։