AM
21 November 2024 - 12:14 AMT

Փաշինյան․ Պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով քայլի, ոչ թե ինչ–որ մեկի պապու «ԳԱԶ 66-ի ռամայի» հանդիպի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դժգոհել է այն իրողությունից, որ պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով քայլելու, երեխայի հետ զբոսնելու հնարավորություն ունենա, բայց մարդը մանկասայլակով քայլելիս կարող է հասնել ««ԳԱԶ 66-ի ռամանյին»։

«Մեկ էլ տեսնում է 1961 թվականի «ԳԱԶ 66»-ի ռամա է դրված հենց մայթի վրա, պապու ռաման է բա, միակ հիշողությունն է մնացել պապուց։ Էհ, պապու հիշատակն է, տարեք ձեր ննջարաններում դրեք, կախեք պատից։ Պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով քայլելու, երեխայի հետ զբոսնելու հնարավորություն ունենա, մենք մեր պապու «ԳԱԶ 66»-ի ռաման բերում դնում ենք էդտեղ: Տարեք ձեր բակում դրեք, բակ չունեք, դրեք տանը:

Ու հարևանները չեն ասում, որ չի կարելի: Սա պրոբլեմ է, մենք չենք հասկանում այս ամենի կապը մեր իրականության հետ: Չի կարելի այսպիսի բանի մոտով անտարբեր անցնել»,-հայտարարել է Փաշինյանը, գրում է Aysor.am-ը։

Նա նաև հարց է բարձրացրել, թե այդ դեպքում ինչ են անում պաշտոնյաները։

«Մարզպետներ, համայնքային ղեկավարներ, ավագանի կա, ինչո՞վ են զբաղված էդ մարդիկ։ Վախում են պապու թոռան ձայնը կորցնե՞լ ընտրություններում: Երբ մենք այդ ավազը մաքրել ենք տալիս, 1 մարդու ձայն կորցնում ենք, 100 մարդու ձայն շահում, որովհետև մարդիկ ասում են, որ այստեղ պետություն, կարգուկանոն կա: Ես ասում եմ, որ համայնքներով պատահական անցնելու եմ, որտեղ տեսա «66», «06», չգիտեմ՝ «31», «պրավիլնի» ֆորմա քար, աղյուս ավազ, բետոն՝ չնեղանաք:

Հարգելի՛ մարզպետներ, նախարարներ, շրջեք, նայեք: Չեմ ասում ոստիկանությունով գնանք, մարդկանց վախեցնենք, բայց խնդրեք, հորդորեք, վարչական միջոցներ ձեռնարկեք: Դա անհարգալից վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ, որոնց միջոցներով այդ ճանապարհները վերանորոգվել են»,–ասել է նա։