AM
21 November 2024 - 15:17 AMT

Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց զարգացմանը, ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին, այդ համատեքստում ՀՀ դիրքորոշումներին, սահմանազատման գործընթացին: Տարածաշրջանային կայունության ապահովման առումով կարևորվել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

Նոյեմբերի 19–ին կարճատև աշխատանքային այցով Հայաստանում էր Գերմանիայի ԱԳ նախարարը։ Հարավային Կովկասում կայունության ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: