ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը Երևանում կայացած հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մտադրությանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումների շարունակական ընթացքը: Ընդգծվել է ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման ուղղությամբ համագործակցության կարևորությունը:
Արարատ Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:
Երկկողմ գործընկերության օրակարգի հետագա ընդլայնման համատեքստում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը և դրան նպաստող միջխորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Նոյեմբերի 19–ին կարճատև աշխատանքային այցով Հայաստանում էր Գերմանիայի ԱԳ նախարարը։ Հարավային Կովկասում կայունության ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: