Հայաստանը խիստ մտահոգված և անհանգստացած է Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով, և անթույլատրելի է համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Այդ մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ:
Նա նշել է, որ ՀՀ–ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:
․․․Լիբանանի համար այս ծանր ժամանակաշրջանում մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և կորով՝ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և երկիրը խաղաղ հանգրվանի հասցնելու Ձեր ջանքերում»,–ասվում է ուղերձում։
Լիբանանի տարածքը պարբերաբար գնդակոծվում և հրթիռակոծվում է Իսրայելի կողմից, որը թիրախավորում է «Հեզբոլլահի» անդամներին ու օբյեկտները, սակայն, մեծաթիվ են զոհերը նաև քաղաքացիական բնակչության շրջանում։