AM
22 November 2024 - 09:05 AMT

Փոխվարչապետ. ՀՀ–ն պատրաստ է աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմելու գործում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի հետ հանդիպմանը կառավարության անունից ցավակցություններ է հայտնել Իսպանիայի արևելյան շրջաններում ավերիչ ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ:

Փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով անհրաժեշտ աշխատանքների շուրջ՝ անդրադառնալով հնարավոր նոր ուղիղ չվերթների քանակի ավելացմանը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Իսպանիան մեծապես տուժել է հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած ջրհեղեղից, որից առավելապես տուժել է Վալենսիայի շրջանը։