AM
22 November 2024 - 13:09 AMT

Մարությանն ու Ավինյանը կբանավիճեն. Կողմերն ընդունել են Factor TV-ի հրավերը

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնել է բանավիճել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։

Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»,–ասվում է գրառման մեջ։

Երևանի ավագանու վերջին նիստում օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներին, հայտարարել էր, որ պատրաստ է բանավիճել նրանց քաղաքական առաջնորդի հետ «ցանկացած ֆորմատով, ժամի և վայրում»։

Բանավեճը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ 17։00-ին, Factor TV-ի ուղիղ եթերում։

Բանավեճի ընթացքում նախատեսվում է քննարկել Երևանի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր համակարգը և մայրաքաղաքի կառավարման հետ կապված այլ հարցեր։

Երևանում հունվարի 1–ից մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` կազմելով 300 դրամ, գրում է Sputnik Արմենիան՝ հիմք ընդունելով քաղաքապետարանի նախնական տվյալները։

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։ Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղեվարձը կկազմի 120.5 դրամ։ Լրամշակումից հետո քաղաքապետարանի ներկայացրած նախագծով միակողմանի տոմսը կարժենա 300 դրամ, հունվարի 1-ից 1 օրվա ուղետոմսը կարժենա 880 դրամ, 7 օրվա փաթեթը՝ 4800 դրամ, 30 օրվանը՝ 8800 դրամ, 90 օրվանը՝ 23,600 դրամ, իսկ 1 տարվանը՝ 88,000 դրամ։