AM
23 November 2024 - 07:09 AMT

Փաշինյան․ Պաշտոնանկությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային՝ այո, sms–ով են տեղեկացվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով մեկ օրում 5 պաշտոնյայի հրաժարականին, որոնք դա արել են վարչապետի խնդրանքով, ասել է, որ պաշտոնանկություններն անձնավորված չեն, ավելի շատ համակարգերի հետ են կապված և իրենց բնույթով «ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»։

Նա հավելել է, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք հրապարակայնորեն քննարկվում են հանրության շրջանում՝ անարդարության զգացողության՝ նշելով, որ կան դատական գործեր, որոնք ձգվում են տարիներով և վերջում տրամաբանական ավարտի չեն հասնում։ Միևնույն ժամանակ վարչապետը գնահատանքի խոսքեր է ասել պաշտոնաթող անձանց հասցեին՝ նշելով, թե նրանք բոլորը «էական ներդրում են ունեցել համակարգերի ներդրման գործում»։

Փաշինյանը հաստատել է, որ հրաժարականների վերաբերյալ խնդրանքը sms հաղորդագրությամբ է հայտնել, քանի որ կարևորում է գրավոր խոսքը, որը տարընթերցումների տեղիք չի տալիս։

Պատասխանելով այդ մասին հարցին՝ նա ասել է․ «Կիրակի օրը` այո՛, ուշ երեկոյան` ոչ, sms հաղորդագրությամբ` այո։ Ես կարևորել եմ, որ այն, ինչ ասում եմ, լինի գրավոր։ Բանավոր խոսակցությունը վատ չէ, բայց դրա շուրջ կարող են լինել շատ լայն մեկնաբանություններ և տարընթերցումներ։ Իմ փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ խոսքը գրավոր է, հետագա տարընթերցումների տարածքն ավելի քիչ է»,–ասել է նա։

Վարչապետը նաև հաստատել է, որ պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումը եղել է միանձնյա։ Նա հավելել է, որ դա է պահանջվում երբեմն՝ կարողանալ ստանձնել պատասխանատվությունը և չկիսել ուրիշների հետ։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականին՝ Փաշինյանն ասել է, որ «վարչապետի հորդոր չի եղել, եղել է խնդրանք»։

Նա այդպես է պատասխանել այն դիտարկմանը, որ ԲԴԽ–ն գործադիր մարմնից լիովին անկախ մարմին է և ստացվում է, որ այդ մարմնի ղեկավարը, վարչապետի հորդորով, որոշում է հրաժարական տալ, և ընդդիմադիրները դա համարում են իշխանության մի ճյուղի ճնշում մյուսի նկատմամբ։

«Վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք՝ դրանք բոլորովին տարբեր բաներ են: Մենք ուզում ենք ունենալ իրապես անկախ դատական համակարգ, եթե չուզենայինք, շատ բան շատ ավելի խաղաղ կանցներ, առանց վայրիվերումների։,–ասել է նա։

Արձագանքելով այն դիտարկմանը, որ արդեն Անդրեասյանի ԲԴԽ նախագահ դառնալու ժամանակ էլ կային նման դիտարկումներ՝ վարչապետն ասել է, որ ԲԴԽ ղեկավարի պաշտոնի համար կան չափանիշներ, որին ընտրվող նախագահը պետք է համապատասխանի։

«Մնացածը շատ հայեցողական է։ Եթե մարդն արդեն հասել է այն կարգավիճակին, որ կարող է դառնալ ԲԴԽ նախագահ, բնականաբար, նա ինչ–որ տեղ աշխատել է, որոշակի ուղի անցել է։ Ով էլ հետագայում լինի, կարող ենք, ինչ–որ չափանիշներով, ասել, այ նա այնտեղ է աշխատել, բայց չափանիշն այնպիսին է, որ թեկնածուն պետք է որևէ տեղ աշխատած լինի»,–ասել է նա։

Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։