Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով սահմանազատմանը, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը։
«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանն՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում շարունակենք»,-ասել է նա:
Խոսելով հանդիպման ժամկետի մասին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ այժմ Բաքվում ընթանում է COP29–ը և այդ երկրի պաշտոնյաները դրա վրա են կենտրոնացած։ Նա հավելել է, որ հավանաբար, դա տեղի կունենա այդ մեծ միջոցառման ամփոփումից հետո։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատում իրականացվել է Տավուշի հատվածում: ՀՀ ազգային ժողովը վավերացրել է սահմանազատման հարցով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով ևս հաստատել է կանոնակարգը: