Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «Եվրաքվեի» նախաձեռնությանը, որով առաջարկվում է հանրաքվե անցկացնել ԵՄ–ին անդամակցելու հայկական կողմի ցանկության մասին, ասել է, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել Եվրաքվեի նախաձեռնությանը։
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ չի համարձակվի ասել, որ հանրային կոնսենսուս կա, քանի որ դրա համար վիճակագրություն է պետք։
Նա հիշեցրել է Եվրախորհրդարանում իր 2023–ի ելույթը, որտեղ ասել էր, որ ՀՀ Եվրոպային կլինի այնքան մոտ, որքան Եվրոպան թույլ կտա, և որը, իր համար զարմանալիորեն, մեծ արձագանք ստացավ սոցցանցերում։
«Չեմ համարձակվի ասել, որ հանրային կոնսենսուս կա, քանի որ դրա համար պետք է վիճակագրություն լինի, բայց ակնհայտ է, որ շատ լայն հանրային ըմբռնում կա և ստացվում է, որ ես եմ այդ օրակարգն առաջարկել ՀՀ–ին և ԵՄ–ին։
Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրախորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա դժվար կլինի բացատրել ոչ միայն մեր հանրությանը, այլև նույն Եվրոպային։ Նրանք կարող են հարց տալ՝ դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունը արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ասել է վարչապետը։
Միևնույն ժամանակ, Փաշինյանն ասել է, որ հարցը դեռ քննարկվում է։
«Ժողովրդավարական ուժերի հարթակը» ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը համաձայնության հանրաքվեի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հավաքված մոտ 60,000 ստորագրությունները ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եթե օրինագծին ԱԺ-ն հավանություն չտա, Եվրաքվեի նախաձեռնության հեղինակները պետք է կարողանան 300 հազար ստորագրություն հավաքել, այդ դեպքում հանրաքվեն տեղի կունենա իրավունքի ուժով։
Հունիսի 21-ին ժողովրդավարական ուժերի նախաձեռնությամբ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցով նաև տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասել էր, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։