AM
23 November 2024 - 08:51 AMT

Վարչապետ․ Եթե խաղաղության պայմանագիր կնքվի, կարող ենք գործարքի գնալ՝ փոխադարձաբար հետ կանչել հայցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, անդրադառնալով միջազգային իրավական ատյաններում ներկայացվող հայցերին, ասել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, ՀՀ–ն ու Ադրբեջանը կարող են գործարքի գնալ և փոխադարձաբր հրաժարվել ներկայացված հայցերից, ինչպես նաև պարտավորվել, որ ապագայում ևս նման հայցեր չեն հարուցի։

«Եթե ռեալ տեսնենք, որ հասնում ենք խաղաղության, կնքում ենք պայմանագիր, կարելի կլինի գնալ գործարքի՝ ՀՀ–ն ու Ադրբեջանը հարաժարվեն միջազգային քրեական դատարան և այլ ատյաններում ներկայացված հայցերից՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»,– ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն իրականացնող Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդներին հեռացնելու Բաքվի պահանջին՝ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը դա հնարավոր է համարում միայն սահմանազատված հատվածներում:

«Մենք ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումը անենք սահմանազատված հատվածների նկատմամբ։ Այն սահմանում, որը սահմանազատված է, օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա»,-ասել է նա։

ԵՄ երկարաժամկետ առաքելությունը 2 տարով տեղակայվեց Հայաստանում 2023 թվականի փետրվարին։ ՀՀ ԱԺ-ն վավերացրել է «ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը: Դիտորդները օգտվում են իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։