Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք ակնկալում է, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարեվերջ, ասել է, որ ինքն անձամբ ամեն ինչ արել է ու կանի դրա համար։
«Ես իմ բաժին աշխատանքը 100%-ով, մի բան էլ ավելի կանեմ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի»,–ասել է նա։
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրից բացի, կարող են նաև ռազմավարական գործարքի գնալ, ասել է, որ նկատի ուներ, որ ՀՀ–ն ու Ադրբեջանը բոլոր մակարդակներում, ոչ միայն դե յուրե, ընդունեն, որ Խորհրդային Ադրբեջանն իր տարածքով անկախ Ադրբեջան է, իսկ Խորհրդային Հայաստանը իր տարածքով անկախ Հայաստան է:
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ֆիքսեն այս իրողությունը, հանգիստ թողնեն իրար, չքչփորեն, ժողովրդի լեզվով ասած, չբզբզան ու սկսեն կամաց-կամաց, կոմունիկացիաների բացումով, տնտեսական կապեր հաստատել, որը համոզված եմ, հետո շատ մեծ տեմպերով աճելու է»,–ասել է նա։
Մինչդեռ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարել են, որ Բաքուն դեռևս զբաղված է COP29–ով և ՀՀ հետ բանակցություններին կարող է վերադառնալ դեկտեմբերին, գուցե՝ 2025–ի սկզբին։