ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցին:
Նա նշել է, որ խոսակցությունը տեղեկատվական էր, բայցև շատ պոզիտիվ։
«Իմ հիմնական խնդիրն էր ներկայացնել, թե Թրամփի առաջին պաշտոնավարումից հետո ինչ զարգացումներ են տեղի ունեցել ՀՀ–ԱՄՆ հարաբերություններում, ինչպես նաև խաղաղության գործընթացում տարածաշրջանում ինչ զարգացումներ են տեղի ունեցել»,–ասել է վարչապետը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերի 16–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում շնորհավորել է վերջինիս ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիների զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
Նախընտրական արշավի վերջում Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։ Նա նաև հայամետ գործիչների է նշանակել առանցքային պաշտոններում։