Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով առողջապահության համակարգում առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության համապարփակ ապահովագրության ուղղությամբ մեծ քայլն անելուն: Նա այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մարզային այցերը շատ մեծ նշանակություն են ձեռք ինձ համար, որովհետև ես այնտեղից ստանում եմ տպավորություններ, տեղեկություններ, տեսնում եմ իրադրություններ, որ վարչապետի աշխատասենյակից երբեք չես տեսնի: Մարզային այցելությունների ընթացքում ինձ համար բացահայտվեցին պրոբլեմներ, որոնք առողջապահության համակարգում առկա են, և իմ գնահատականն այն էր, որ մենք դեռևս պատրաստ չենք այդ մեծ քայլը անելուն», – ասել է Փաշինյանը՝ խոսելով առողջապահության համապարփակ ապահովագրության մասին, հայտնում է Արմենպրեսը։
Վարչապետի դիտարկմամբ՝ 2018-ից ի վեր առողջապահության բյուջեն կրկնապատկվել է, իսկ դեպքերը, որոնք սպասարկվում են պետական բյուջեի հաշվին՝ ավելի քան կրկնապատկվել:
«Բայց մյուս կողմից զարմացնում է այն, որ ես չեմ զգում մարդկանց գոհունակության մակարդակի ավելացում: Սա ֆենոմեն է, որն ինձ համար բացում է անորոշություններ, և մինչև ես այդ անորոշությունների պատասխանը չստանամ, ես որոշում չեմ կայացնի առողջապահության ապահովագրության ներդրման վերաբերյալ, որովհետև կարող է պարզվել, որ մեր դիմաց մի մեծ խորշ կա, որը մենք չենք տեսնում և կարող է ուղղակի մեծ ձախողում, մեծ փլուզում լինել, որը մեզ վրա շատ ծանր կնստի», – նշել է վարչապետը:
Նրա կարծիքով՝ եթե այդ հարցում փակուղի մտնեն, դա շատ հետևանքներ կարող է ունենալ:
«Մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով, բայց մենք համակարգի ներդրումը կանենք այն պահին, երբ անորոշությունների այնքան մասի պատասխանը ունենանք, որ, պատկերավոր ասած, մի քանի կիլոմետր տեսադաշտ կունենանք», – ասել է վարչապետը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 13–ին ԱԺ-ում, անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, վստահեցրել էր, թե այն ներդվելու է, սակայն, 2025 թվականին չի լինի. 2025-ի բյուջեով գումար նախատեսված չէ:
«Ես երեկ ևս մեկ անգամ ուշադիր կարդացի կառավարության ծրագիրը, նշված է, որ ընդհանուր ներդրման ժամկետը 2026 թվականն է, մենք մեր ժամկետների մեջ տեղավորվելու ենք։ Բոլոր խոստումներն իրականացնելու ենք»,- ասել է Ավանեսյանը: