AM
23 November 2024 - 12:21 AMT

Բագրատ սրբազանը՝ պաշտոնանկությունների մասին. Եթե այդքան ահռելի աշխատանք են կատարել, ինչու են հեռացվում

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ուղիղ եթերով անդրադարձել է ներքաղաքական վերջին իրադարձություններին, բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ էլ էր զգուշացրել պաշտոն զբաղեցնողներին, որ նրանք «օգտագործվելու են, անընդհատ ծաղրվելու են ու դեն շպրտվեն», գրում է «Առավոտը»։

Նա նաև նկատել է՝ եթե պաշտոնանկ անձինք այդքան ահռելի աշխատանք են կատարել, ինչու են հեռացվում։

«Այս մարդը ձեզ օգտագործել է բոլոր հնարավոր տարբերակներով, դարձրել իր համար վահան, պաշտպանության օղակ: Ձեր միջոցով կարողացել է ինքն իրեն ոչ թե վերագրել մեղսագրումներ, այլ այդ ամենը վերագրել է ձեզ. հայրենիքի, մեր պետության սահմանների անվտանգության խախտում, բանակի քայքայում, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, ռազմաքաղաքական մեր ղեկավարության պատանդառություն, գերիներ, ներքին կյանքի ատելություն, թշնամություն: Տեղեկատվական դաշտի ահաբեկչությունը, մարդկանց թիրախավորելը… ամեն բան: Զգուշացրել ենք խորհրդարանի ամբիոնից էլ ձեզ՝ ՔՊ խմբակցության անդամներ, որ յուրաքանչյուրիդ այս մարդը մեղսակից է դարձնում իր գործած բոլոր հանցանքներին: Եվս մեկ անգամ դիմում եմ ձեզ, որ դուք ձեզ հաշիվ տաք, քննեք ձեր սրտերը՝ ինչ եք անում, ում եք ծառայում:

Մեկ մարդու քմահաճույքով ուղղակի հեռացումներ: Հեռացումները պետք է լինեն վատ աշխատանքի համար, բոլորի հրաժարման դիմումները խոսում են արձանագրումների, ձեռքբերումների մասին: Խոսում են, թե ինչպիսի ահռելի աշխատանք են կատարել: Եթե այդքան ահռելի աշխատանք են կատարել, ինչու են հեռացվում: Սա նշանակում է ոչ հաշվետվություն, ոչ թափանցիկություն, ոչ պատասխանատվություն, սա նշանակում է ամբողջ պետական համակարգի քայքայում, մի մարդու քմահաճույք»,- ասել է Բագրատ սրբազանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով մեկ օրում 5 պաշտոնյայի հրաժարականին, որոնք դա արել են վարչապետի խնդրանքով, ասել է, որ պաշտոնանկություններն անձնավորված չեն, ավելի շատ համակարգերի հետ են կապված և իրենց բնույթով «ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»։ Միևնույն ժամանակ վարչապետը գնահատանքի խոսքեր է ասել պաշտոնաթող անձանց հասցեին՝ նշելով, թե նրանք բոլորը «էական ներդրում են ունեցել համակարգերի ներդրման գործում»։

Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։