AM
25 November 2024 - 08:58 AMT

«ՏաԹևեր» ճոպանուղին 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում:

Հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին, հայտնում է IDeA հիմնադրամը։

Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում 2021 և 2023 թ․-ին։Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է նոյեմբերի 24-ին Պորտուգալիայի Մադեյրա կղզում World Travel Awards 2024 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։

«Տաթևեր» ճոպանուղու ծրագիրն իրականացրած Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանն ասել է, որ հպարտ է, որ հոր ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը:

«Արդեն երրորդ անգամ նման հեղինակավոր մրցանակի արժանանալը վկայում է այն մասին, որ Հայաստանում ունենք աշխարհի մասշտաբով եզակի զբոսաշրջային ենթակառուցվածք, որը մի կողմից նպաստում է մարզի ու նրա զբոսաշրջային ներուժի զարգացմանը, մյուս կողմից երկրի հյուրերին ներկայացնում է այն հոգևոր ու մշակութային հսկայական ժառանգությունը, որն ունի հայ ժողովուրդը: Երկրորդ տարին է, որ հայրս հնարավորություն չունի անձամբ ստանալ այս մրցանակն ու շարունակել իր բարեգործական ու մարդասիրական ծրագրերը, քանի որ շինծու մեղադրանքով ապօրինի պահվում է Բաքվի բանտում: Հպարտ եմ, որ նրա ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը: Վստահ եմ, որ նա դեռ շատ նոր նախագծեր կիրականացնի»,-ասել է Դավիթ Վարդանյանը:

«ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր): Գրանցվել է հայկական օդային ուղու ևս մեկ ձեռքբերում՝ ամենակարճ շինարարության ժամկետը (10 ամիս)՝ նման մասշտաբային ինժեներական կառույցի համար։

Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: «ՏաԹևերի» շինարարությունն իրականացրել է ճոպանուղիների շինարարության ոլորտի առաջատար ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը: Ամեն տարի «ՏաԹևեր» ճոպանուղին հաջողությամբ անցնում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան ստուգում: «ՏաԹևերը» կառավարում է Impulse Business Management ընկերությունը։