Նոյեմբերի 22-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում դարձյալ ձերբակալություն է տեղի ունեցել։ Ձերբակալված աշխատակիցը կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնից է, հայտնում է Factor.am-ը։
Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից հաստատել են, որ Կենտրոնի թաղապետարանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ Կոմիտեից նշել են, որ այդ գործով կան այլ մեղադրյալներ, որոնց մի մասը կալանավորված է, թե քանիսը՝ չեն մանրամասնել։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ օրերս ձերբակալված, ապա կալանավորված աշխատակիցնն աչք է փակել ապօրինի շինությունների և փողոցներում տեղադրված կանգնակների վրա։
Կենտրոնի թաղապետարանը ուշադրության կենտրոնում էր հայտնվել շուրջ երկու շաբաթ առաջ, երբ իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացրել աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
Նշվում է, թե խուզարկության արդյունքում ձերբակալվել էին բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի ևս մեկ աշխատակից և մեկ քաղաքացի։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող այդ գործը վերաբերում է ենթադրյալ կաշառքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքին։ Լրատվականի աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են հանրային սննդի օբյեկտներից լիցենզիայի պետական տուրքի գումարներն առձեռն հավաքագրելու և Կենտրոն վարչական շրջանում սուրճի ապարատներ տեղադրելու թույլտվություններ տալու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական վարչությունից փոխանցել են, որ նոյեմբերի 22-ի ձերբակալությունն այդ գործի հետ առնչություն չունի։