AM
25 November 2024 - 12:00 AMT

Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀՀ

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այցի շրջանակում Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։

Այցի ընթացքում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։ Պաշտոնական այցի շրջանակում երկու երկրի նախագահները հանդիպում կունենան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտնում է Արմենպրեսը։

Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։