Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,–ասվում է գրառման մեջ։
ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը, ի թիվս այլ պաշտոնյաների, վարչապետի խնդրանքով հրաժարականի դիմում էր ներկայացրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով մեկ օրում 5 պաշտոնյայի հրաժարականին, որոնք դա արել են վարչապետի խնդրանքով, ասել է, որ պաշտոնանկություններն անձնավորված չեն, ավելի շատ համակարգերի հետ են կապված և իրենց բնույթով «ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»։ Միևնույն ժամանակ վարչապետը գնահատանքի խոսքեր է ասել պաշտոնաթող անձանց հասցեին՝ նշելով, թե նրանք բոլորը «էական ներդրում են ունեցել համակարգերի ներդրման գործում»։
Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։