AM
26 November 2024 - 11:23 AMT

ՀՀ նախագահ․ Ցանկություն կա ԵՄ-ի հետ քննարկելու նաև անվտանգային հարցեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ցանկություն կա ԵՄ-ի հետ քննարկել նաև անվտանգային հարցեր։

Խաչատուրյանը հայտնել է այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ 2025 թվականին աշխատելու են Հայաստանն ու Եվրամիությունը։ Նա նշել է, որ 2024 թվականը Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության առումով յուրահատուկ է եղել, որովհետև կողմերը երկու ծրագրերով սկսել են համատեղ աշխատանք իրականացնել, հայտնում է Արմենպրեսը։

Նախագահը հստակեցրել է, որ խոսքը ԵՄ խաղաղության հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին աջակցություն տրամադրելու և ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին է։ Նա շեշտել է, որ ցանկություն կա ԵՄ-ի հետ քննարկել նաև անվտանգային հարցեր։

«Այս հարցերի շրջանակում ենք տեսնում Եվրամիության հետ մեր աշխատանքները 2025 թվականին՝ ԵՄ խորհրդում Լեհաստանի նախագահության ժամանակաշրջանում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

Նա վստահություն է հայտնել, որ այդ համատեղ աշխատանքը կստացվի, քանի որ Հայաստանը Եվրոպական միության հետ աշխատանքներում միշտ զգացել է Լեհաստանի աջակցությունը տարբեր նախաձեռնություններում։

Մեկնարկել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնական այցը Հայաստան։ Նա կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն է լինելու։ Այդ մասին ասել է Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մեսկո Պավլակը։

Սա Լեհաստանի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 13 տարվա ընթացքում։ Դուդան նոյեմբերի 26–ին կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, նոյեմբերի 27-ին կլինի Երասխում՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։