ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Ընդլայնված կազմով տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լեհական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի:
«Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին»,- ասել է Լեհաստանի նախագահը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին Հայաստան կատարած այցի համար ու նշել, որ ուրախ է հյուրընկալել վերջինիս ՀՀ Ազգային ժողովում: Լեհաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ տպավորված է Հայաստան կատարած այցից ու ձեռքբերված պայմանավորվածություններից:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական գործակցությանը վերաբերող հարցերին, երկկողմ հետաքրքրության տնտեսական թեմաներին, տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու Հայաստան-ԵՄ հարաբերություններին:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնական այցի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն է լինելու։ Այդ մասին ասել է Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մեսկո Պավլակը։
Սա Լեհաստանի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 13 տարվա ընթացքում։ Դուդան նոյեմբերի 26–ին կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, նոյեմբերի 27-ին կլինի Երասխում՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։