AM
27 November 2024 - 06:15 AMT

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Աշոցքի տարածաշրջանում բուք է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ճանապարհը:Սարավան-«Զանգեր» ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Սպիտակի ոլորանները, Գյումրի-Բավրա, Ապարան-Սպիտակ, Բերդ-Ճամբարակ ճանապարհները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Արագածոտնի մարզի ճանապարհներին, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Ալագյազ-Արթիկ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզում, Չարենցավան, Հրազդան, Սիսիան քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ճանապարհին տեղում է ձյուն։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: