ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախնական ընտրություններ կանցկացնի քաղաքապետի ԺՊ ընտրելու համար։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
«Գյումրիում առաջիկայում տեղի կունենան նախնական քվեարկություններ կամ նախնական ընտրություն, որը միջազգայնորեն ընդունված է անվանել «փրայմերիզ»,- ասել է նա։
Նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին։
Նա պարզաբանել է, որ այդ որոշմանն է եկել, որպեզի ՔՊ անդամները, համակիրներն ու աջակիցները հնարավորություն ունենան ինքնաառաջադրվել կամ առաջադրեն թեկնածուներ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար դառնալու համար։
«Հետո Գյումրիի բնակիչների շրջանում, ոչ բոլորի իհարկե, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն, որի արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար։ Ամենայն հավանականությամբ, նա էլ կլինի մեր թեկնածուն՝ Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում»,–ասել է վարչապետը։
Հոկտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները հրաժարական տվեցին, որի արդյունքում մեծամասնություն է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ 2021–ի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էր 5 ուժ, բայց ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժ չէր ստացել և արդյունքում ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր էին ստորագրել։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ ՔՊ–ն առաջադրեց քաղաքապետի իր թեկնածուին` պատգամավոր Կարեն Սարուխանյանին։ Սակայն վերջինս թմրանյութերի պատմության կիզակետում հայտնվեց, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղարկեց նրան հետազոտության։