AM
27 November 2024 - 08:22 AMT

ԱԺ նախագահի խոսնակ. Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել ու չի ճնշել Աղազարյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը հերքել է «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը՝ հայտարարելով, որ Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել ու չի ճնշել ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է վայր դնել մանդատը։

«Hraparak.am կայքը (այսուհետ Heqiatasac.am) հերթական սուտն ու կեղծիքն է տարածել ԱԺ նախագահի մասին` գրելով, թե իբր Ալեն Սիմոնյանը սպառնացել, ծաղրել ու ճնշել է Հովիկ Աղազարյանին` նրան ասելով, որ իրեն դրել է կինոյի տղու տեղը։

Եվ որ ամենակարևորն է` հարգարժան կայքն իր այդ սուտը վերնագրել է որպես էքսկլյուզիվ լուր։ Չնայած հա, համաձայն եմ, այն իրոք էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում»,–ասվում է գրառման մեջ։

«Հրապարակ» թերթը գրել է, որ Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե՝ հիմնականում խոսել է ԱԺ նախագահը, որը հանդիպման նախաձեռնողն է եղել։ Պատասխանելով մեր հարցին, որ, թերթի տեղեկություններով, Սիմոնյանը սպառնացել ու վիրավորել է իրեն, ինքն էլ հոգեպես ճնշվել է և փոշմանել՝ Աղազարյանն ասել է․ «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ ինքն արեց իմ գլխին»: Բայց չմանրամասնեց, թե ինչ է արել Սիմոնյանը: Ասաց, որ իրեն չի վիրավորել. «Ուր էր, թե վիրավորած լիներ, պատասխանը ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»։

«Իրականում Աղազարյանը ճիշտ չասաց․ տեղեկացանք, որ Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին, թե` ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել ու դուրս եկել համակարգի, պետության, պետականության դեմ։ Հընթացս էլ սպառնացել է` չգիտե՞ս, թե նմանների վերջն ինչ է լինում։ Իր եղբոր կնոջ մասին է հիշեցրել, որ ինքն այն ժամանակ լինելով ԱԺ նախագահ, վարչապետին դեմ դուրս չեկավ»,–գրել է թերթը։