«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է և փոխարինվել 1 տարով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով, մեղադրող դատախազի բողոքը մերժեց, իսկ պաշտպանության կողմի ներկայացված բողոքը բավարարեց մասնակի՝ առաջին ատյանի դատարանի կողմից Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվեց եւ սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։
Արմեն Չարչյանի կշարունակի մնալ ազատության մեջ»,–ասվում է գրառման մեջ։
2024–ի փետրվարի 5–ին դատարանը Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։ Դատավորը նվազագույն պատիժ կիրառեց` հաշվի առնելով, որ Չարչյանը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ։ 2021 թ. հունիսի 18-ին համացանցում մի ձայնագրություն էր հայտնվել, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Դրան հաջորդեց Չարչյանի ձերբակալությունն ու կալանավորումը։ Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվեց՝ ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։