Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հայտնում է Aysor.am-ը։
Հարցին, թե որն է չմասնակցելու պատճառը՝ Բաղդասարյանը պատասխանել է.«Դե, քանի որ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»:
Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նոյեմբերի 26–ին ասել է, որ ՌԴ–ն հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որով նա կասեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ–ին, սակայն, Երևանը շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ և նրա համար բաց են ՀԱՊԿ միջոցառումների բոլոր դռները։
«ՀՀ ներկայացուցիչները, վաղ թե ուշ, կվերսկսեն համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակում»,–ասել է նա։