AM
27 November 2024 - 09:11 AMT

Քաղաքապետարան․ Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից ձյունը

2009թ. Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, իսկ տեղումների դադարից հետո՝ ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները, հայտնում է քաղաքապետարանը։

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա:

Ավելի ուշ փոքր չափի մեքենասարքավորումներով սկսվել է նաև մայթերը մաքրելու գործընթացը: Լուսադեմին բարձրադիր վարչական շրջանների բոլոր փողոցները երթևեկելի են եղել՝ անգամ բարդ տեղանքով հատվածներում:

Վթարներից խուսափելու, ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև փոխադրամիջոցների արհեստական կուտակումներից խուսափելու համար պարտադիր պայման է ձմեռային անվադողերով երթևեկելը: