AM
27 November 2024 - 11:54 AMT

Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել ՀՀ-Ադրբեջան սահմանին

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Երասխ և պարեկություն իրականացրել ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների, մասնավորապես՝ առաքելության կազմում ընդգրկված լեհերի հետ։ Այդ մասին ասվում է Լեհաստանի նախագահի գրասենյակի X-ի միկրոբլոգում։

«ՀՀ–ում Եվրամիության առաքելության ղեկավարը Մարկուս Ռիտերն է, իսկ տեղակալը՝ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ձևավորվել է 2023 թվականի փետրվարին 2 տարի ժամկետով։ Առաքելության նպատակն է իրավիճակի մշտադիտարկումն ու պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նոյեմբերի 26–ին ասել է, որ ՌԴ–ն հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որով նա կասեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ–ին, սակայն, Երևանը շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ և նրա համար բաց են ՀԱՊԿ միջոցառումների բոլոր դռները։

«ՀՀ ներկայացուցիչները, վաղ թե ուշ, կվերսկսեն համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակում»,–ասել է նա։