AM
27 November 2024 - 13:19 AMT

«Հայաստան» խմբակցությունը կքննարկի Նազարյանի «հետագա գործունեության հարցը»

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը կքննարկի Գեղամ Նազարյանի «հետագա գործունեության հարցը»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։

Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, և բնական է, եթե խմբակցության որևէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։

Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:

Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկությունները՝ ավելի ուշ»,–ասվում է գրառման մեջ։

Գեղամ Նազարյանն ասել է, որ ձեռնպահ կմնա մեկնաբանությունից մինչև խմբակցության նիստը, հայտնում է «Ազատությունը»։

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Գեղամ Նազարյանի հետ զրույցից հատված, որում Նազարյանն ասել է, որ «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտի՝ ով ա դա մտցրել»։