AM
27 November 2024 - 14:01 AMT

Նախագիծ․ Մինչև 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի։ Նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ։

Հիմնական զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով, առաջարկով հանդես գալը պայմանավորված էր հանրության շրջանում բավականին մեծ անհանգստությամբ` կապված դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների մասսայական օգտագործման հետ:

Ըստ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ դեռահասների 40 տոկոսը շաբաթական օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ նրանց առողջության վրա:

Պատգամավորի դիտարկմամբ դրանց սահմանափակման համար մի շարք երկրներ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել են: Ուստի, վերոնշյալ նախագծով առաջարկվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելել մինչև 18 տարեկան անձանց և սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը: Նախագծով առաջարկվում է նաև արգելել մինչև 18 տարեկան անձանց համար ալկոհոլային խմիչքների վաճառքը:

Հեղինակներն առաջարկում են վարչական պատասխանատվություն կիրառել նշված արգելքները խախտելու համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով կառավարության առաջարկը, նշել է, որ եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից, արդյունքում օրենսդրական փաթեթը լրամշակվել է:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: