AM
28 November 2024 - 07:21 AMT

ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը

Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի քննությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա ներկայացրել է նաև ՍԴ որոշումը, որի մեջ նշված է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի հաղթահարել իրավաբանորեն հիմնավորված և Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով նախատեսված հիմքով»։

ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան էր դիմել՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։