ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, թե Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կայանալու է Սանկտ Պետերբուրգում, ասել է, որ անդամ երկրների ղեկավարներն են նման որոշում կայացրել դեռևս այս տարվա մայիսի 8-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Նա հավելել է, որ կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայման անցկացվի ԵԱՏՄ մարմիններում նախագահող պետությունում, հայտնում է «Ազատությունը»։
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անցկացվում է ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում
Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8-ին Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում», – նշել է Անի Բադալյանը:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25–ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։