Կառավարության նոյեմբերի 28–ի նիստում նշանակվել են ՊԵԿ և Քննչական կոմիտեի նախագահները: ՔԿ նախագահ է նշանակվել Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, իսկ ՊԵԿ ղեկավար՝ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկուսն էլ նոր մարդիկ չեն համակարգում:
«Պարոն Պողոսյանը մոտ 2 տարի գլխավոր դատախազի տեղակալն էր, պարոն Հակոբյանը երկու տարի ֆինանսների նախարարի տեղակալն է, դրանից առաջ էլ նրանք համապատասխանաբար աշխատել են իրավական համակարգում»,- ասել է վարչապետը։
Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմումներ էին ներկայացրել։
Փաշինյանը, անդրադառնալով մեկ օրում 5 պաշտոնյայի հրաժարականին, ավելի ուշ ասել էր, որ պաշտոնանկություններն անձնավորված չեն, ավելի շատ համակարգերի հետ են կապված և իրենց բնույթով «ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»։ Միևնույն ժամանակ վարչապետը գնահատանքի խոսքեր է ասել պաշտոնաթող անձանց հասցեին՝ նշելով, թե նրանք բոլորը «էական ներդրում են ունեցել համակարգերի ներդրման գործում»։