ՀՀ օրհներգում փոփոխություններ կկատարվեն։ Գործադիրը հավանության է արժանացրել օրենսդրական նախաձեռնությունը։
Կփոխվի օրհներգի քառյակների դասավորությունը՝ վերջին քառատողը կդառնա 2–րդ, իսկ 2–րդ և 3–րդ քառատողները համապատասխանաբար կդառնան 3–րդ և 4–րդ։
Օրհներգը կավարտվի հետևյալ տողերով․ «Նայիր նրան երեք գույնով` նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»։
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անմիջական մասնակցություն է ունեցել քննարկումներին։
Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ:
Փաշինյանի խոսքով, պաշտոնական հանդիպումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ինքը չի հանդիպել նույն ձևի կատարման` չկա արագության, տեմպի, տևողության ստանդարտ։
«Միջոցառման կազմակերպման ընթացքում մենք ջրին, գինիին, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք հատկացնում, քան օրհներգին։ Հանձնարարություն եմ տվել, որ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ և որոշակի ստանդարտին համապատասխանի»,– ասել է Փաշինյանը։
Նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը: «ՀՀ օրհներգի մասին» օրենքում հաստատված այս փոփոխությունները կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը։