AM
28 November 2024 - 11:00 AMT

Փաշինյանը խիստ նկատողություն է արել Շիրակի մարզպետին և գեներալին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խիստ նկատողություն է արել Շիրակի մարզպետին Վահրամաբերդ գյուղի դպրոցում ԶՈւ բարձրաստիճան զինվորականի անունով դասասենյակ անվանակոչելու համար։ Նկատողություն է արվել նաև նաև Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ, գեներալ Սմբատ Գրիգորյանին:

Վարչապետը նշել է, որ նախորդ շաբաթ հաղորդագրություն է տարածվել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցում դասասենյակ է անվանակոչվել ՀՀ ԶՈւ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով, հայտնում է Արմենպրեսը։

«Տեղի է ունեցել մի գործընթաց՝ բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից պաշտպանության նախարարը տեղյակ չէ, ԳՇ պետը տեղյակ չէ, գործընթացը տեղի է ունեցել դպրոցում, ԿԳՄՍ նախարարը տեղյակ չէ, տեղի է ունեցել մարզպետի մասնակցությամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղյակ չէ: Սա տեղի է ունենում մի պայմաններում, երբ տասնյակ անգամ խոսել եմ, ԿԳՄՍ նախարարը ևս խոսել է այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, պետք է բովանդակություն տրվի միայն կառավարության սահմանած ստանդարտների համապատասխան: Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ այդ թվում դե յուրե միջոցներով չեղարկվի այդ որոշումը, որովհետև Հայաստանում կան տասնյակ գեներալներ, տարբեր գյուղերում ծնված ու մեծացած տասնյակ նշանավոր մարդիկ: Հիմա էլ դպրոցները դարձնում ենք մրցակցության առարկա, թե որ դասասենյակն ում անունով կոչեն՝ այն պայմաններում, երբ դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել»,-ասել է վարչապետը:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մասնակցել է անվանակոչությանը։ Կառավարության նիստի ժամանակ նա ասել է, որ ընդունում է վարչապետի արած դիտողությունը և նկատողությունը։

Մարզպետը նկատել է, որ անվանակոչումը եղել է գյուղի բնակչության պահանջով: Արձագանքելով վարչապետն ասել է՝ «գյուղի բնակիչները էլ դարդ չունեն հա՞», գրում է «Հայկական ժամանակը»։

«Եկեք անընդհատ հղումներ չանենք գյուղի բնակչության պահանջին: Ես մի օր կգնամ Վահրամաբերդ, տեսնեմ՝ էդ ինչ վիճակ եք ստեղծել, որ Վահրամաբերդի բնակիչները էլ ո՛չ պրոբլեմ ունեն, ո՛չ խնդիր, ո՛չ դարդ ունեն, ո՛չ ցավ, իրանց միակ խնդիրը դասարանը անվանակոչելն է: Անվանակոչեք դասարանը և վերջ, դա միակ բանն է, որ մեզ պակասում է երջանիկ լինելու համար, դադարեցրինք էս հարցի քննարկումը»,–ասել է վարչապետը։