AM
28 November 2024 - 12:20 AMT

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն Իրանում է․ Մեկ այլ պատվիրևակություն կգործուղվի Ֆրանսիա

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը գործուղվել է Իրանի Սպահան քաղաք: Այդ մասին որոշում է ստորագրել քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հաշվի առնելով Սպահանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Սեյեդ Ամին Մորթազավիի հրավերը՝ Սպահանի զբոսաշրջության, ձեռարվեստի և հյուրանոցային գործի 14-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյանին և մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի առաջատար մասնագետ Ռուզաննա Գասպարյանին գործուղել ԻԻՀ»,- ասված է որոշման մեջ։

Գործուղումը մեկնարկել է նոյեմբերի 27-ին և կավարտվի դեկտեմբերի 1-ին։

Քաղաքապետարանի մեկ այլ պատվիրակություն դեկտեմբերի 4-7-ը կգործուղվի Ֆրանսիայի Լիոն քաղաք։ Դրա կազմում են Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։

«Գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են 2024 թվականի Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ Լևոն Հովհաննիսյանի 3 գիշերակացից 2-ը, որը հոգում է հրավիրող կողմը»,- գրված է քաղաքապետի որոշման մեջ։

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում է։