ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը տարհանվել է Հալեպից։
Վերջին օրերին Սիրիայի մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։
Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ամբողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան։
Սիրիայի Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել: Հալեպում և Իդլիբում գործող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը նոյեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ գրոհ է ձեռնարկել՝ թիրախավորելով այդ տարածաշրջանների խաղաղ գյուղերը, քաղաքները և ռազմական օբյեկտները։ Մոսկվան այդ գրոհն անվանել է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ։ Գրոհող ուժերը համարվում են թուրքամետ։
Թուրքական հետախուզության հետ կապված ուժերը պնդում են, որ Անկարան, որը սատարում է ապստամբներին, հավանություն է տվել հարձակմանը, սակայն, Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օնջում Քեջելին հայտարարել է, թե Թուրքիան ձգտում է խուսափել անկայունությունից։