Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Պարզվել է, որ գազալցակայանի կոմպրեսորների սենյակում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Մ.-ն (ծնված 1976 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի և դեմքի շրջանում առկա այրվածքներով, հայտնում է Վանաձորի ԲԿ-ն։
«Տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր: Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին: Այրվել են ճնշման կայանի (մոտ 150 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), կոմպրեսորը և այլ սարքավորումներ, ջերմահարվել՝ գազալցակայանի մոտակայքում կայանած ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենայի դիմային հատվածը։