Կառավարությունը նախատեսում է հստակեցնել զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը։ Նախագծի հիմնական նպատակն է հստակեցնել այն հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են ստանալ տարկետում, նվազեցնել բուժման նպատակով տարկետումներ ստացած քաղաքացիների թիվը, խթանելով բուժման գործընթացը, հստակեցնել զորամասերում ծառայության ընթացքում հակացուցված պայմանները՝ հաշվի առնելով հիվանդության աստիճանը։
Հիվանդությունների ներկայիս ցանկի սահմանափակումներն ու անորոշությունները հանգեցնում են այնպիսի դեպքերի, երբ միևնույն ախտաբանական վիճակ ունեցող անձինք կրկին ստանում են տարկետում՝ առանց բուժում ստանալու, հայտնում է Արմենպրեսը։
Մյուս կողմից, սահմանափակումներով ծառայության համար պիտանի ճանաչված անձանց առողջական վիճակը հաճախ չի համապատասխանում հակացուցումների ցանկում ներկայացված սահմանափակումներին։
Նախագծի համաձայն՝ հստակեցվում են զորակոչիկների առողջական վիճակի ուսումնասիրության կարգերն ու չափանիշները, ներառվում են նոր ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում հնարավոր է ծառայության որոշակի սահմանափակումներով անցկացնել, արդիականացվում են զինվորական ծառայության ընթացքում հակացուցված ֆիզիկական վարժությունների և պայմանների ցանկը։
Նախագծի ընդունումը լրացուցիչ ծախսեր չի առաջացնում պետական բյուջեի համար, քանի որ փոփոխությունները նախատեսվում է իրականացնել ընթացիկ բյուջետային միջոցների շրջանակում։
Նախագծի ընդունման արդյունքում կնվազի տարկետումների թիվը, կբարձրանա զինվորական ծառայության համար պիտանիության գնահատման արդյունավետությունը, կբարելավվի զորակոչային համակարգի արդարությունը՝ յուրաքանչյուր քաղաքացու առողջական վիճակին համապատասխան որոշումներ կայացնելով։