Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն, դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ դատախազի կողմից դատարան էր ներկայացվել մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն: 2024 թվականի նոյեմբերի 29-ին Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը։
2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):
Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Մ.Մ.-ն, 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը՝ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: