Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք Հայաստանում բնակություն են հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն ՀՀ քաղաքացիություն և չունեն սեփականություն, ապա կարող են հանդիսանալ Բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրւամասներ է ներկայացրել։ Դրանք վերաբերում են նոր ծրագրի շահառուների շրջանակին, աջակցության չափին և այլնին։
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ՀՀ են տեղահանվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և չունեն սեփականություն: Միջոցառումն իրականացվելու է 3 փուլով։
Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝
3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-իչափով լրացուցիչ վարկ։
Երկրորդ փուլից կարող են օգտվել՝
2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
Երրորդ փուլում կարող են ընդգրկվել՝
ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։