AM
30 November 2024 - 12:48 AMT

Իսկանդիրով. Ղազախստանում հետաքրքրությամբ են հետևում ՀՀ վարած քաղաքականությանը

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, շնորհավորել ներկաներին ՀՀ և Ղազախստանի միջև բարեկամության ու համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:

Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովն ընդգծել է, որ այս այցը հիանալի հնարավորություն է քննարկելու համագործակցության օրակարգային հարցեր:

«Մենք հետաքրքրությամբ հետևում ենք Հայաստանի վարած քաղաքականությանը, տնտեսության զարգացման գործընթացներին: Հայաստանը, վստահորեն, քայլեր է անում դեպի բարեփոխումներ՝ ի շահ ժողովրդի բարեկեցության»,- ասել է Մուկաշ Իսկանդիրովը:

Դրական գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ղազախական կողմին այս տարվա մայիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նպատակով հարթակ տրամադրելու համար:

«Ուրախ եմ նշել, որ Ղազախստանը ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը, ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, և որի նպատակն է նպաստել տարածաշրջանի բոլոր երկրների փոխշահավետ տրանսպորտային համագործակցությանը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Նա ընդգծել է, որ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը լայն հնարավորություններ է բացում երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կառուցողական համագործակցության համար, ներառյալ միջազգային խորհրդարանական կառույցների միջոցով փոխգործակցության խթանումը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմամբ՝ շեշտելով, որ 2024 թվականի ինն ամիսների ընթացքում այն կազմել է 71․5 մլն ԱՄՆ դոլար:

Կողմերը նշել են, որ առկա է չօգտագործված ներուժի իրացման պահանջարկ:

ԱԺ նախագահի տեղակալի դիտարկմամբ Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ նաև մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացումը: Նա վերահաստատել է մեր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը խթանելու ռազմավարական համագործակցությունը: