AM
30 November 2024 - 13:01 AMT

Էլեն Բադալյանը` ռուսական «Հիմա բոլորս միասին» հեռուստաշոուի հաղթող

17-ամյա Էլեն Բադալյանը դարձել է «Հիմա բոլորս միասին» («Ну-ка, все вместе!») հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանի հաղթող։

Նա ստացել է նախագծի ֆիրմային արձանիկը, դրամական մրցանակ՝ 5 մլն ռուբլի (և ևս 1 միլիոն՝ հովանավոր բանկից), ռադիոկայաններից մեկի եթերում նոր երգի ձայնագրման և ռոտացիայի վկայական, հայտնում է Sputnik Արմենիան։

Երգչուհին ավարտել է դպրոցն ու Լարիսա Դոլինայի ակադեմիան, իսկ հիմա սովորում է ինստիտուտում՝ էստրադային-ջազային վոկալի բաժնում։ Նա դիտել է «Ну-ка, все вместе!» շոուի բոլոր դրվագներն ու սեզոնները և սպասում էր, թե երբ է մրցույթին մասնակցելու տարիքին հասնելու։

Էլենի ծնողները ծնունդով Երևանից են, աղջիկն իր կյանքի մեծ մասն ապրել է Մոսկվայում։ Էլենն ընտանիքի հետ պարբերաբար այցելում է Հայաստան՝ հայրենիքի հետ կապը չկորցնելու համար: Նա տիրապետում է մայրենի լեզվին և պաշտում է հայկական խոհանոցը։