AM
2 December 2024 - 09:38 AMT

Գյումրու նախկին փոխքաղաքապետն ինքնաառաջադրվել է որպես քաղաքապետի ԺՊ

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն ինքնաառաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած փրայմերիզին՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Փրայմըրիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը: Թե ինչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։

Ինքնաառաջադրվել է նաև ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

«Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- հայտարարել է ՔՊ-ականը, հայտնում է Aysor.am-ը։

Առաջադրվել են նաև պատգամավոր Դավիթ Առուշանյանը, գործող ավագանու անդամ Շավարշ Արամյանը և ՔՊ-ի համակիր, երգիչ, Արտյոմ Թումանյանը։

Թեկնածուների ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12:00-ն է:

Ավելի վաղ, անդրադառնալով Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն՝ Փաշինյանը գրել էր, որ ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնաառաջադրվել։ Ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: Վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: