Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձենսուտ է որակել այն պնդումները, թե Թբիլիսին դադարեցրել է եվրաինտեգրման գործընթացը։
Նա, Եվրամիության դեսպանին դիմելով, ասել է, որ երբ բանակցությունների բացումը սեղանին դնեն, ինքը նույն օրը կստորագրի այն, հայտնում է Վրաստանի առաջին ալիքը։
«Սուտ է տարածվում այն մասին, թե իբր Վրաստանի կառավարությունը դադարեցրել է եվրաինտեգրման գործընթացը։ Առաջին իսկ հայտարարության մեջ և այս օրերի ընթացքում մենք ընդգծեցինք և շարունակում ենք հայտարարել, որ չենք դադարեցնում եվրաինտեգրման գործընթացը, բայց ակտիվացնում ենք մեր ջանքերը՝ ապահովելու Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը 2030 թվականին։
Այս ֆոնին ամոթալի և մտահոգիչ է, որ Եվրամիության դեսպանը ներգրավված է եղել արմատական ընդդիմության և նրան կից հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների կողմից իրականացվող ապատեղեկատվության քարոզարշավին։ Բնականաբար, նման իրադարձությունները լրջորեն սասանում են վրաց հասարակության վստահությունը եվրոպական բյուրոկրատիայի նկատմամբ։ Ուզում եմ Եվրամիության դեսպանին հիշեցնել՝ սեղանին դրեք բանակցությունների բացումը, և ես այսօր կստորագրեմ այն։ Շանտաժի փոխարեն սա է մեր վերաբերմունքը խնդրին, և մենք ակնկալում ենք նույն արժանապատիվ վերաբերմունքը եվրոպական կառույցներից, ինչը վրաց հասարակության պատվերն է»,- ասել է վարչապետը։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, քանի որ Վրաստանի իշխանությունները խախտել են դրա գլխավոր սկզբունքները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Վաշինգտոնը դատապարտել է ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ, որոնք «ձգտում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից»։
https://www.state.gov/statement-on-georgias-suspension-of-european-union-accession/
«Իմեդի» հեռուստաալիքի եթերում Կոբախիձեն ասել է, որ ԱՄՆ գործող նախագահի վարչակազմը փորձում է հնարավորինս ծանր ժառանգություն թողնել նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմին, ուստի կսպասեն և կխոսեն նրանց հետ։
Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028թ․ և որ ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը օգտագործվում է Վրաստանի դեմ շանտաժի համար, ինչպես դա տեղի է ունեցել նաև թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրման դեպքում։ Նա հավելել է, որ այդ որոշումը չի նշանակում, որ Վրաստանը հրաժարվում է եվրաինետգրումից՝ նշելով, որ Թբիլիսին կկատարի բոլոր ստանձնած պարտավորություններն առանց ԵՄ ֆինանսական աջակցության։
Կոբախիձեի հրապարակած որոշումը բողոքի ալիք է բարձրացրել երկրում՝ ցույցեր են տեղի ունեցել Թբիլիսիում, Քութաիսում, Բաթումում։ Ցույցերը շարունակվում են մինչ օրս։