«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են հայտարարել և առավոտից դուրս չեն եկել աշխատանքի: Ըստ նախնական տվյալների, նրանք պահանջում են վերանայել աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերի չափը։
Ընդ որում, Երևանի տարբեր վարչական շրջանների կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներ են կուտակվել, հայտնում է Sputnik Արմենիան։
Քաղաքապետարանն արձագանքել է գործադուլին՝ վարորդների պահանջները որակելով անտրամաբանական և «զուգորդված շանտաժի դրսևորումներով»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։
Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու։
Չնայած վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, ինչպես նաև վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, ինչպես վերը նշվեց, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով։
Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է
-MAN – 401,500 ՀՀ դրամ,
-Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ,
-Gazel City – 219,500 ՀՀ դրամ:
Հարկ ենք համարում հատուկ շեշտել․ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար»,–ասվում է գրառման մեջ։
Կոստանյանը հավելել է, որ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու են պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
Վարորդների գործադուլ էր եղել նաև 2024 թվականի մայիսին, երբ վարորդներն աշխատանքի դուրս չէին եկել ի նշան բողոքի տնօրենի պաշտոնակատար Սամվել Նազարյանի գործողությունների դեմ և դեմ էին ընկերությունում 12 տարի աշխատած մի քանի աշխատակիցների հեռացվելուն: Քաղաքապետարանում այն ժամանակ դա անվանեցին բարեփոխումները սաբոտաժի ենթարկելու փորձ։